Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեքքայում ամենամյա ուխտագնացության ժամանակ հրմշտոցի հետևանքով մահացած իրանցի ուխտագնացների թիվը հասել է 131-ի։ Այս մասին հայտնել են ուխտագնացության իրանական կազմակերպիչները։
Վերջին տվյալներով՝ հրմշտոցի զոհերի ընդհանուր թիվը հասել է 753-ի, իսկ տուժածների թիվը՝ 863-ի։ Իրանում ուխտագնացության կազմակերպման ղեկավար Սաիդ Օհադին չի բացառել, որ զոհված իրանցիների թիվը կարող է աճել։ Նա հավելել է, որ վիրավոր մարդիկ ու զոհվածների դիակները Թեհրան կտեղափոխվեն հաջորդ շաբաթ։
Չի բացառվում նաև, որ զոհերի իրական թիվն ավելի մեծ է, քան ավելի վաղ հայտարարել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները, և որ նրանց թիվը կարող է գերազանցել 1300-ը։
Հիշեցնենք, որ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել ուխտագնացության ժամանակ մահացած իրանցիների կապակցությամբ։ Իրանի իշխանություններն մեղադրել են Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ կոչ անելով ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։










































