Apple-ի հերթական նորույթները՝ iPhone 6s-ը և iPhone 6s Plus-ը, վաճառքի կհանվեն արդեն այս ուրբաթ, սակայն այն կկարողանան ձեռք բերել առայժմ միայն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոնկոնգի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Պուերտո Ռիկոյի և Սինգապուրի բնակիչները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սմարթֆոնների վաճառքը կսկսվի Apple-ի մանրածախ խանութներում տեղական ժամանակով առավոտյան 8-ից: Նորույթները հասանելի կլինեն 4 գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն, մոխրագույն, «վարդագույն ոսկի»: iPhone 6s-ի արժեքն Ամերիկայում սկսվում է 649 դոլարից, iPhone 6s Plus-ը՝ 749 դոլարից:
Ընկերության արտադրանքի սիրահարները կգնահատեն iSight տեսախցիկի նոր հնարավորությունները: Այն թույլ կտա 12-մեգապիքսելանոց լուսանկարներ անել, նաև տեսանյութ նկարահանել HD-ին 4 անգամ գերազանցող կետայնությամբ: Սելֆիի սիրահարների համար նախատեսված է 5 մեգապիքսել կետայնությամբ դիմային տեսախցիկ:
Նոր սմարթֆոնները զինված են նոր iOS 9 օպերացիոն համակարգով:








































