Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում Բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների առաջին կենտրոնի (տեխնոպարկ) կառուցումը կավարտվի մինչև տարեվերջ։ Տեխնոպարկը նորարարությունների ու տեխնոլոգիաների ուղղությամբ կստեղծի միասնական էկոհամակարգ և կնպաստի նորարարական գաղափարների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
18.000 քառակուսի մետր տարածքով տեխնոլոգիական պարկը կառուցվում է Օկրոկանայում (Թբիլիսիի արվարձան)՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ։
Վրաստանում առաջին տեխնոլոգիական պարկի կառուցման համար ներդրվել է 3 միլիոն լարի (1.3 միլիոն դոլար)։ Այն հատուկ դեր է խաղալու նոր բիզնեսի ու նոր ընկերությունների ստեղծման, գոյություն ունեցող բիզնեսի զարգացման, նորարարությունները կոմերցիոն դարձնելու ու բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման գործում։
Տեխնոպարկի կառուցումը Վրաստանում սկսվել է 2014 թվականի սեպտեմբերին։ Ներկա դրությամբ տեխնոպարկեր են գործում աշխարհի 70 երկրներում ու ծառայություններ են մատուցում մոտ 200.000 ընկերությունների։











































