ԵՄ-ն թուրքական կողմի հետ Բրյուսելում հոկտեմբերի 5-ին կքննարկի միգրացիոն ճգնաժամի հաղթահարման ուղիները։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԵՄ արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով։
«Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի ղեկավարները կհանդիպեն Թուրքիայի (նախագահ Էրդողանի) հետ»,- ասել է նա։
«Մենք համակարծիք ենք եղել, որ անհրաժեշտ է այդ երկխոսությունը վարել Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիայի հետ Հունաստանի արտաքին սահմանի պաշտպանությունը չի հաջողվի ապահովել, եթե Անկարան այդ հարցում չլինի գործընկեր»,- նշել է կանցլերը։
«Այսօր մենք ունեցել ենք կարևոր քննարկումներ։ Շատ հարցերով մենք առաջ ենք շարժվել»,- հավելել է Մերկելը՝ լավատեսություն արտահայտելով, որ ԵՄ-ն կմշակի ընդհանուր դիրքորոշում փախստականների խնդիրների լուծման հարցում։
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նաև հայտնել է Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման մասին, որը կանցկացվի Նյու Յորքում։ «Մեզ հարկավոր է Թուրքիայի հետ այդ հարցում սերտ համագործակցություն։ Մենք նախագահ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպենք հոկտեմբերի 5-ին։ Բացի այդ,ես կհանդիպեմ վարչապետ Դավութօղլուի հետ՝ Նյու Յորքում»,- ասել է նա։










































