Անկախության օրը ծեծված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երկու անգամ զանգահարել է իրեն: Նա նշել է, որ մտերիմ հարաբերություններ են, և ինքն էլ, եթե Գասպարյանի մատը փուշ մտնի, կզանգարահի նրան: Հակոբյանը նաև հայտարարել է, որ վստահում է ոստիկանությանն ու կարծում է, որ գործը չեն կոծկի:
Հայտնի է նաև, որ ծեծի առիթով բերման է ենթարկվել երեք անձ: Սմբատ Հակոբյանն ինչ-որ իմաստով հաստատել է նաև Սերժ Սարգսյանի զանգահարելու տեղեկությունը, որ հրապարակվել էր մամուլում, պարզապես նա ասել է, որ բժիշկներից տեղեկացել է, որ Սարգսյանը հիվանդանոց է զանգել և հետաքրքրվել իր որպիսությամբ:
Այս ողջ անցուդարձը ընդամենը մեկ կարևոր ու էական հարց ունի հանրային ու պետական շահի տեսանկյունից. դաժան բռնության գործը բացահայտվելո՞ւ է ամբողջությամբ, թե՞ ոչ: Մնացյալը՝ մտերմություն, մտահոգություն, անհանգստություն, քաղաքավարություն և այլն, կարևորություն ստանում են միմյանց այս հարցից հետո, որովհետև եթե այս հարցը բաց է, մնացյալ ամեն ինչ արդեն դառնում է ընդամենը միջանձնային հարաբերությունների խնդիր: Սակայն տեղի ունեցած բռնությունը, դաժան միջադեպը միջանձնային չեն: Այն հրապարակային է, ըստ այդմ՝ մարտահրավեր է հասարակությանը՝ հերթական մարտահրավերը:
Երբ ոստիկանապետի կամ նախագահի հեռախոսազանգերն են դառնում առանցքային, այստեղ խնդիրը ըստ էութան տեղափոխվում է զուտ անձնային հարաբերությունների ոլորտ: Սա իհարկե անձերի խնդիրն է, և այդ ոլորտում նրանք կարող են իրար կարեկցել, վստահել, ներել և այլն, ցանկացած մեկը մյուսին: Սակայն կա հասարակական բաղադրիչը, և տվյալ դեպքում այն ուղղակիորեն կապված է գործի բացահայտման հետ: Ոստիկանապետի կամ նախագահի հեռախոսազանգերը իրավական կատեգորիա չեն, իսկ հանրային համակեցության կատեգորիա դառնում են լոկ այն բանից հետո, երբ թե՛ ոստիկանապետը, թե՛ նախագահը ըստ էության կատարում են հասարակության առաջ իրենց իրավական պարտավորությունը՝ տվյալ դեպքում դա օրենքի գերակայությունն ու քաղաքացու անվտանգության ապահովումն է, որը կոնկրետ պարագայում դրսևորվելու է հանցագործության ամբողջական բացահայտմամբ: Սակայն վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած, ավելի ճիշտ՝ կարծեք թե ինչ-որ մի ձեռքով ռեսթարտ եղած բռնարարքների հաճախականությունը խնդրին տալիս է շատ ավելի մեծ ընդգրկում և նշանակություն:
Խոսքն այն մասին է, որ իշխանությունից պահանջվում է ոչ միայն բացահայտում կոնկրետ դեպքում, այլ նաև հստակ քաղաքական պատասխանատվության ստանձնում առ այն, որ հանրային և քաղաքական խնդիրները հետայսու պետք է երաշխավորված կերպով զերծ լինեն բռնարարքներից: Բանն այն է, որ Հայաստանում իշխանության առաջ այդ խնդիրը երբեք չի դրվել հանրայնորեն, և իշխանությունը Հայաստանում հանրայնորեն երբեք չի ստանձնել բռնությունը կանխարգելելու քաղաքական պատասխանատվություն: Հայաստանում դա չի արել և ոչ մի իշխանություն՝ անցնող 24 տարիների ընթացքում, ոչ մի իշխանություն հրապարակավ չի ստանձնել Հայաստանում բռնության մշակույթի արմատախիլ անելու քաղաքական հանձնառություն ու պատասխանատվություն: Բռնությունները դատապարտող ելույթները ընդամենը էպիզոդներ են. որևէ երկրում, ամենաարյունարբու բռնապետություններն անգամ հրապարակային ելույթներում չեն խրախուսել՝ դատապարտել են ուժի կիրառումն ու բռնությունները:
Խնդիրը դրանք արմատախիլ անելու հրապարակային առաքելություն հանձնառելն է, քաղաքական պատասխանատվություն ստանձնելը: Հայաստանի անկախության 24 տարիների այս քաղաքական բացը չի նկատվել երբեք: Եվ այսօր էլ այն քողարկվում է: Խնդիրն այն է, որ շատ լավ են ոստիկանապետի և նախագահի զանգերը ծեծված ազատամարտիկի առողջության մտահոգությամբ, սակայն քանի որ սեղանին դրված է ոչ միայն անձի, այլև հանարյին ու պետական առողջության խնդիր, ապա և՛ ոստիկանապետը, և՛ առավել ևս նախագահը պարտավոր են այլևս դիմել՝ այսպես ասած «զանգել» հասարակությանը և հասարակության առաջ խոսել բռնարարքների թեմայով:
Դրանց ծավալն ու նաև վերջին շրջանում ծավալման դինամիկան վաղուց այդ դիմումը դարձրել են կենսական անհրաժեշտություն: Հատկապես որ առջևում Հայաստանի համար իսկապես բախտորոշ ներքին ու արտաքին զարգացումներ են, սահմանադրական հանրաքվե, ընտրական նոր փուլ, իսկ սրան զուգահեռ տարածաշրջանում ծավալվում է վերադասավորումների բավական ակտիվ մի գործընթաց, որն իր հետ բերում է նաև տնտեսական ահռելի մարտահրավերներ: Այս պայմաններում Հայաստանում ծավալվող միակ բանը պետք է լինի իրավականությունն ու արդարությունը, որպես համապետական դիմադրության առանցքային ռեսուրս, մինչդեռ ծավալվում է միայն բռնությունը՝ վկայելով այն մասին, որ դիմադրունակություն ստուգում է ընդամենը իշխող համակարգը, այն էլ ոչ թե մարտահրավերների, այլ սեփական քաղաքացիների հանդեպ դիմադրունակությունն է ստուգում:
Սա Հայաստանի համար կարող է ավարտվել իսկապես պետական աղետով, երբ արդեն որևէ մակարդակի որևէ հեռախոսազանգ կդադարի իմաստ ունենալ:
Լուսանկարը՝ Armtimes.com-ի












































