Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ԱԷՄԳ-ի մասնագետներին հանձնել է Փարչինի ռազմական օբյեկտից վերցված նմուշներ, որը գտնվում է Իրանի մայրաքաղաքից 30 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Այդ մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
«Իրանցի փորձագետները ԱԷՄԳ-ի տեսուչների բացակայության պայմաններում Փարչինի օբյեկտների որոշակի մասերից վերցրել են նմուշներ։ Նրանք հետևել են կանոններին ու չափորոշիչներին և նմուշները հանձնել են ԱԷՄԳ-ի փորձագետներին»,- ասել է նա։ Քամալվանդին չի բացառել, որ ԱԷՄԳ-ի փորձագետները կարող են օբյեկտում ներկա լինել, երբ իրանցի մասնագետները նոր նմուշներ կվերցնեն։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն երեկ այցելել է Փարչին, ուր Իրանը երկար ժամանակ թույլ չի տվել մտնել ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներին։








































