Իրանը շարունակում է ինքնակամ հետևել Հավելյալ արձանագրությանը, որը կցվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համաձայնագրին` Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում, սակայն չի ընդունի պահանջներ, որոնք գերազանցում են դրա պահանջները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանը:
Ռուհանին նշել է, որ Իրանը հավելյալ պահանջներ չի ներկայացնում ԱԷՄԳ-ին և ինքնակամ կատարում է համաձայնագրի պահանջները:
Իրանի նախագահը նաև հիշեցրել է, որ իր երկիրը չունի և չի ձգտում ունենալ ռազմական միջուկային զինանոց:
«ԱԷՄԳ-ի տեսուչների անցկացրած ստուգումներն ապացուցում են, որ մենք երբեք չենք հրաժարվել մեր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի քաղաքականությունից»,- ասել է Ռուհանին:
Միևնույն ժամանակ նա ԱԷՄԳ-ին կոչ է արել ընդլայլնել իր աջակցությունն Իրանին` խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում:











































