«Եթե Գյումրու օրվա տոնակատարություններն անցան բավական ճոխ պայմաններում, որն արժեցավ մոտ յոթ ու կես միլիոն դրամ, ապա Անկախության օրվա տոնակատարությունները Գյումրիում ավելի համեստ կանցկացվեն, քանի որ տոնակատարության համար միջոցները հատկացվում են քաղաքի բյուջեից, իսկ ներկա պահին քաղաքի բյուջեի հնարավորությունները ճոխ միջոցառումների հնարավորություն չեն տալիս»,- օրերս «Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան նշեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը:
Տիկին Մակարյանը նաև մանրամասնեց, որ համայնքի բյուջեից երկու միջոցառումներին իրար հետ հատկացվել է ինը միլիոն դրամ, որի մեծ մասն արդեն ծախսվել է քաղաքի օրվա միջոցառումների վրա, հետևաբար արդեն մնացած գումարի շրջանակներում էլ կփորձեն տեղավորվել:
«Սակայն դա չի նշանակում, թե գյումրեցիները ուրախ ու բարձր տրամադրությամբ չեն տոնախմբի մեր Անկախության տոնը»,- նշեց տիկին Մակարյանը՝ մանրամասնելով, որ տոնական օրվա միջոցառումները լինելու են բավականին հագեցած:
«Նախատեսում ենք զինվորական նվագախմբի ելույթ, զինվորական շարային վարժանքների և հնարքների ցուցադրում, պարային ծրագրեր, ուրախ այլ միջոցառումներ, որոնց կմասնակցեն քաղաքի ամենատարբեր ստեղծագործական խմբեր և համույթներ: Միջոցառումներին իրենց մասնակցությունը կբերեն նաև Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի թեմապատկան երիտասարդական ու մշակութային կառույցները»,- ամփոփեց տիկին Մակարյանը: