Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պատժամիջոցների վերացումից հետո նավթի շուկա Իրանի վերադարձը չի դառնա գնագոյացման վճռական գործոն։ Այդ մասին հայտարարել է Իրանական ազգային նավթային ընկերության (NIOC) տնօրեն Ռոքնեդդին Ջավադին։
Նրա խոսքերով՝ ներկայումս նավթի համաշխարհային մատակարարումների ծավալը գերազանցում է պահանջարկը, ինչի համար էլ օրական հավելյալ մեկ միլիոն բարել իրանական նավթն անկարելի է դիտարկել որպես այնպիսի գործոն, որը կհանգեցնի գնանկման։
Ջավադին կարծում է, որ նավթի համաշխարհային գները ըստ ամենայնի կշարունակեն նվազել մոտակա ամիսներին՝ անկախ նրանից, Իրանը կվերադառնա՞ շուկա, թե՞ ոչ։ Նա ընդգծել է, որ այդ ամենը հաշվի առնելով՝ Թեհրանը չի հրաժարվի նավթի համաշխարհային շուկայում իր բաժնեմասից։
Ջավադին կանխատեսում է, որ նավթի գները չեն նվազի մեկ բարելի համար 40-45 դոլարից, և որ Իրանն էլ իր նավթի գինը կսահմանի տվյալ դիապազոնում։ Իրանն օրական արդյունահանում է մոտ 2.8 միլիոն բարել հում նավթ, որից մոտ 1.7 միլիոն բարելը նախատեսված է ներքին կարիքներն ապահովելու համար։







































