Հարավային Աֆրիկայից նկարիչ Մբոնգենի Բութելեզին իր արվեստում ներկերը փոխարինել է պլաստիկով: Արդեն 23 տարի 49-ամյա նկարիչը հալեցնում է պոլիէթիլենային տոպրակները և այդ նյութն օգտագործում արվեստի գործեր ստեղծելու համար, հայտնում է odditycentral.com-ը:
Բութելեզին ասում է, որ ինքը որոշել է աշխատել պլաստիկ նյութերով`յուրահատուկ գործեր ստեղծելու համար: Ըստ նրա, այս միջոցը նաև խորհրդանշական իմաստ ունի: «Ես հավաքում եմ աղբը և դրանից ստեղծում գեղեցիկ արվեստ: Դա այն է, ինչ մենք կարող են անել մեր և մեր կյանքի հետ», – գրել է նա իր կայքում:
Նրա նկարների թեմաներն են ամենօրյա տեսարանները, Աֆրիկյան պատմությունը, դիմանկարները և վերացական պատկերները: Նա համարձակորեն ներկայացնում է նաև սոցիալական և բնապահպանական խնդիրները:
Ըստ Բութելեզիի՝ նա աշխարհում միակ նկարիչն է, ով աշխատում է պլաստիկով: Նա նաև ասում է, որ հալեցված պլաստիկ տոպրակները հեշտ լուծում են հատկապես նրանց համար, ովքեր միջոցներ չունեն ավանդական նյութեր գնելու համար:










































