Ամերիկյան Save My Ink ընկերությունը հաճախորդներին առաջարկել է հարազատներին կտակել իրենց դաջվածքները: The Daily Mirror-ի հաղորդմամբ՝ ծառայությունից օգտվողների մահից հետո նրանց դաջվածքով մաշկը մարմնից կկտրվի, կմշակվի հատուկ քիմիական լուծույթով, որը կդադարեցնի տարրալուծման գործընթացը և կփոխանցվի ժառանգներին:
Ընկերության հիմնադիր 60-ամյա Չարլզ Հեմի խոսքով՝ ծառայությունը մեկնարկել է անցած շաբաթ, բայց արդեն հիմա ընկերությանը հաջողվել է հաջողությամբ կտրել և պահել 21 դաջվածք:
Նա նշել է, որ մաշկի մասերը կտակելու գաղափարը ինքը հղացել է, երբ հասկացել է, որ սեփական դաջվածքների վրա մոտ 10 հազար դոլար է ծախսել:
Դաջվածքները կտակել կարող են Save My Ink-ի հետ պայմանագիր կնքած անձինք: Ծառայությունից օգտվելու համար նրանք պետք է վճարեն 115 դոլար գրանցման գումար և տարեկան 60 դոլար:
Ակումբի անդամի մահվանից հետո 18 ժամվա ընթացքում նրա հարազատները պետք է այդ մասին տեղեկացնեն Save My Ink-ին: Հաջորդ 60 ժամում ընկերությունը պարտավորվում է դաջվածքները կտրել-հանել հանգուցյալի մարմնից: Նշվում է, որ հեռացման ենթակա դաջվածքների ընտրությունը պատկանում է ակումբի անդամին: Save My Ink-ը հրաժարվում է դաջվածքներ կտրել մահացածների դեմքից և սեռական օրգաններից:
Ընկերության հիմնադիրը նշել է, որ ծառայությունն առայժմ տրամադրվում է միայն ԱՄՆ-ի տարածքում, սակայն ապագայում Save My Ink-ը ծրագրում է ընդլայնել նախագծի աշխարհագրությունը:






































