Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ լեզվաբան, գրող ու գործարար Սևան Նիշանյանը նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների համար դարձել է Լիբերալ դեմոկրատական կուսակցության (LDP) պատգամավորի թեկնածու։ Այդ մասին թերթին հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Թարըք Բեյհանը։
Նա ընդգծել է, որ իրենք տվյալ հարցով պաշտոնապես դիմել են սեպտեմբերի 17-ին։ Բեյհանի խոսքով՝ Նիշանյանը մեծ կարևորություն է ներկայացնում Թուրքիայում խոսքի ազատության ոլորտի համար։ Բեյհանը կարևորել է նաև Նիշանյանի դերակատարությունը լեզվաբանական, ճարտարապետական ու մշակութային ոլորտներում, սակայն համարում է, որ նրա ամենամեծ դերը բաժին է ընկնում ազատ արտահայտվելու ոլորտին։
Բեյհանն ընդգծել է, որ Նիշանյանը ներկայումս բանտում է հենց ազատ արտահայտվելու համար, ինչը Թուրքիայի ամենամեծ խնդիրներից մեկն է և միևնույն ժամանակ լիբերալիզմի ամենակարևոր երկու չափանիշներից մեկը (խոսքի ազատություն ու հանդուրժողականություն). «Այդ պատճառով էլ նա շատ կարևոր գործիչ է թե՛ մեզ համար, թե՛ Թուրքիայի համար»։
Հաղորդվում է, որ եթե Նիշանյանը հավանության արժանացնի LDP-ի նախաձեռնությունը, ապա կդառնա Այդընից նրա թեկնածուն։ Դրանից առաջ էլ հաղորդվել է, որ Նիշանյանը տեղափոխվում է Սուլթանհիսարի բաց ռեժիմով բանտ։ Նիշանյանին դատապարտել են ավելի քան 11 տարվա ազատազրկման, նա արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է Այդընի Յեդիփազար փակ ռեժիմի բանտում։
Նիշանյանին երեք տարբեր գործերով («ապօրինի շինարարություն», «մշակութային ժառանգության պահպանման ակտի», «կնիքի խախտում») դատապարտել են 11 տարի 1 ամիս ազատազրկման։








































