Պրանկեր Ալեքսեյ Ստոլյարովը՝ Լեքսուս մականունով, որը Վլադիմիր Կրասնովի (Վովան) հետ խաղարկել է երգիչ Էլթոն Ջոնին, հայտարարել է, որ իրենք ուզում են կապվել երաժշտի հետ, որ իմանան նրա արձագանքը կատակին: Այս մասին Լեքսուսը պատմել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին:
«Կարծում ենք՝ այն դրական կլինի»,- նշել է Ստոլյարովը: Միաժամանակ, բրիտանացի երգչից ներողություն խնդրել հեռախոսային խուլիգանները չեն պատրաստվում՝ չնայած Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խորհրդին:
Սեպտեմբերի 16-ին Լեքսուսը ներողություն է խնդրել Պեսկովից, որի անունից զանգահարել է Էլթոն Ջոնին: Կրեմլի ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ ներողության և իր հանդեպ լրացուցիչ ուշադրության կարիք չունի և խորհուրդ է տվել ներողություն խնդրել երգչից: «Նա մեզ մոտ սիրված և հարգված երգիչ է: Երևի այնքան էլ լավ չի եղել նրան այդպես խաղարկելը»,- ասել է Պեսկովը:
Այդ օրն ավելի վաղ Ստոլյարովը և Կրասնովը խոստովանել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պեսկովի անունից խաղարկել են Էլթոն Ջոնին: Երաժիշտը սեպտեմբերի 14-ին Instagram-ում գրել է, որ հեռախոսով խոսել է Ռուսաստանի ղեկավարի հետ, բայց Կրեմլում երգչի և նախագահի խոսակցության մասին տեղեկությունը հերքել են:
Սեպտեմբերի 12-ին Էլթոն Ջոնը ցանկություն էր հայտնել հանդիպելու Ռուսաստանի նախագահի հետ՝ քննարկելու սեքսուալ փոքրամասնությունների խնդիրները Ռուսաստանում:











































