Վրացական Newsgeorgia.ru կայքի փոխանցմամբ, ԱՄՆ-ը առաջիկա 4 տարիների ընթացքում 90 միլիոն դոլար է հատկացնելու Վրաստանի ժողովրդավարական գործընթացներին: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բասը.
«ԱՄՆ-ը ժողովրդավարական բարեփոխումների ոլոորտում աջակցում է Վրաստանին: Այդ նպատակով վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանին հատկացվել է 200 միլիոն դոլար, որից 110 միլիոնը` վերջին 4 տարիների ընթացքում:
Այդ գումարներն ուղղվել են օրենքի գերակայությանը, քաղաքական մրցակցության ձևավորմանը, ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացմանը, խորհրդարանի, լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության ինստիտուցիոն ամրագրմանը:
Բացի ֆինանսական միջոցներից, ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա 4 տարիների ընթացքում Վրաստանին օգնել իր խորհուրդներով և լսել դրանց վերաբերյալ վրացական կողմի կարծիքը: Երկխոսությունն անհրաժեշտ է համատեղ նպատակներին հասնելու համար: ԱՄՆ-ի առաջին սկզբունքն է` երբեք չթելադրել, թե ինչ է անհրաժեշտ անել: Վրաց հասարակությունն ինքը կորոշի, թե ինչ է պետք անել:
Երկրորդ սկզբունքը, որով մենք կառաջնորդվենք, այն է, որ յուրաքանչյուր փոփոխություն պետք է տեղի ունենա ընտրական սկզբունքների պաշտպանության ներքո»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Business Грузия կայքը հաղորդեց, թե ԱՄՆ-ի կառավարությունն այս տարի 87 միլիոն դոլար է հատկացնելու Վրաստանին: Միջազգային ֆինանսական օգնության հարցը քննարկվել էր ԱՄՆ Կոնգրեսի արտաքին կապերի կոմիտեի նիստում:









































