Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին, ով ներկայումս հանդես է գալիս քաթարի «Ալ-Սադ» ակումբում, խոստովանել է, որ մտադիր է մարզչական կարիերա սկսել։ Նա նշել է, որ գիտակցում է՝ որքան բարդ է մարզչական աշխատանքը։
«Մարզչական աշխատանքը բարդ է։ Պետք է մտածես 25 խաղացողի մասին, կարողանաս մոտիվացնել նրանց, լինել հոգեբան։ Պատրաստվում եմ դրան։ Որպես ֆուտբոլիստ ուղղակի դուրս ես գալիս խաղադաշտ ու խաղում ես։ Իսկ ահա մարզիչը պետք է շատ բան ծրագրի։
Այդ աշխատանքը գրավում է ինձ։ Գիտեմ, որ ինձնից շատ բան է պահանջվելու, և ես պետք է պատրաստ լինեմ։ Միգուցե ավելի օգտակար լինեմ մարզական տնօրենի պաշտոնում։
Չգիտեմ, ժամանակը ցույց կտա։ Այս պահին ինձ տեսնում եմ խաղադաշտում»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։






































