Ինչպես հաղորդում է ճապոնական Kyodo գործակալությունը, այդ երկրի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 11-ի բնական աղետի հետևանքները վերացնելու առաջին փուլի աշխատանքների համար տրամադրել 4.02 տրլն իեն կամ 50 մլրդ դոլար:
Գործակալությունը նշում է, որ սա ամենամեծ աղետն է Ճապոնիայում՝ սկսած Երկրորդ աշխարհամարտից: Օրինակ՝ 1995 թ. Կոբեի երկրաշարժը ճապոնական կառավարությանն արժեցել էր 3.23 տրլն իեն:
Հիշեցնենք նաև, որ, տարբեր հաշվարկներով, մարտի 11-ի երկրաշարժը և դրան հաջորդած ցունամին ու ատոմակայանի վթարը Ճապոնիային պատճառել են 200-300 մլրդ դոլարի վնաս: Ճապոնական կառավարությունը հայտարարել է, որ կարող է այդ միջոցները գտնել` նույնիսկ առանց լրացուցիչ նոր արժեթղթեր թողարկելու:
Տեղեկացնենք նաև, որ այսօր Ճապոնիայում դարձյալ տեղի են ունեցել 6 ուժեղ երկրաշարժեր, որոնց ուժգնությունը կազմել է 5.0-6.1 մագնիտուդ:











































