ՀՀ կառավարությունը այսօր հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որն անհետաձգելի է համարվել և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Առաջարկվում է վերացնել ամուսնության պետական գրանցման ոլորտում տարածքային պատկանելության սահմանափակումը` թույլ տալով նաև շրջանների բնակիչներին ամուսնության պետական գրանցում կատարել Երևան քաղաքի ՔԿԱԳ գործակալության «Ամուսնության պալատ» տարածքային բաժնում, հստակեցնել, կատարելագործել և վերախմբագրել օրենքի մի շարք այլ դրույթներ ևս։ Այսուհետ ամուսնության գրանցման գործընթացը չի տևելու 7 օրից ավելի` նախկին 30-40 օրերի փոխարեն:
Խոսելով այս որոշման մասին` վարչապետը նշել է, թե վերջին շաբաթների ընթացքում ընդունվել են նմանատիպ բազմաթիվ որոշումներ, որոնք բարելավում են պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը:
«Խոսքը վերաբերում է ոչ միայն անձնագրերի տրամադրման կարգին, որտեղ հաջողություն կա, այլ նաև վարորդական իրավունքների տրամադրման, մեքենաների գրանցման, հաշվառման, տեխնիկական զննման ոլորտին։ Այս ծառայությունից տարեկան օգտվում է 300 հազար, վարորդական իրավունք է ստանում առնվազն 50 հազար քաղաքացի։ Մեքենաների հաշվառման գործառույթում տարեկան 170 հազար քաղաքացի է ներգրավվում։
Հասկանալի է, որ եթե այս բնագավառում մեր կողմից մատուցվող ծառայություններն անորակ լինեն և կոռուպցիոն ռիսկեր պարունակեն, մեր նկատմամբ վստահություն չի լինի։ Այսօր քննարկվող հարցը վերաբերում է տարեկան 70 հազար քաղաքացու։ Այդքան մարդ օգտվում է այս ծառայությունից։ Ներկայացված առաջարկը վերացնում է կոռուպցիայի օբյեկտիվ հիմքերը, բայց, միևնույն է, վարչարարության առումով անհրաժեշտ է, որպեսզի նախարարներն այս խնդիրը պահեն իրենց անձնական հսկողության տակ։
Ցանկացած կոռուպցիոն դրսևորում պետք է խստագույնս պատժվի, հակառակ դեպքում այս որոշումներն իրենց բուն նպատակին չեն ծառայի։ Մոնիտորինգը, որ իրականացնում են երիտասարդները, շարունակվում է։ Նրանք գնում են և օգտվում այս ծառայություններից, այնուհետև իրենց հաշվետվության մեջ նկարագրում, թե որտեղ, որ փուլում օրենքից շեղում կա, որտեղ են կաշառք պահանջում, ինչքան է այդ կաշառքի չափը, ինչպիսի արհեստական քաշքշուկներ են ստեղծվում»,- ասել է վարչապետը։









































