Բրազիլական Սան Պաուլու խոշորագույն քաղաքի կենտրոնում հարյուրավոր տաքսու վարորդներ իրենց մեքենաներով փակել են փողոցները։ Ակցիայի մասնակիցները բողոքում են տաքսու պատվիրման Uber առցանց ծառայության գործունեության դեմ։
Ծառայությունը օգտատերերին կապում է մասնավոր մեքենաների վարորդների հետ, ովքեր պատրաստ են նրանց տեղափոխել համեմատաբար քիչ վճարով։ Ի տարբերություն տաքսու վարորդների՝ այդ մեքենաների տերերը չպետք է ստանան թանկարժեք լիցենզիաներ և պահպանեն կանոնները, որոնք վերաբերում են անվտանգությանը, ապահովագրությանը և հարկերին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Օրենսդիրները շուտով կքննարկեն քաղաքում Uber -ի գործունեությունն արգելող օրինագիծը։ Ռիո դե Ժանեյրոյում տեղի պատգամավորներն արդեն արգելել են Uber-ի գործունեությունը, սակայն որպեսզի արգելքն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է քաղաքապետ Էդուարդո Պաեսի համաձայնությունը։