2012թ. ԱՄՆ կառավարությունը շուրջ 3.7 միլիոն դոլար է ծախսել նախկին նախագահների վրա:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ԱՄՆ կառավարության վրա ամենաթանկն արժեցել է Ջորջ Բուշ-կրտսերը: Հաշվարկների համաձայն՝ նախորդ տարի նրա վրա ծախսվել է 1.3 միլիոն դոլար: Այդ գումարից շուրջ 400 հազարը ծախսվել է նախկին նախագահի գրասենյակի վարձակալության և ծառայության վրա, իսկ հեռախոսների հաշիվների վճարները կազմել են 85 հազար դոլար:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ վարչակազմի 42-րդ ղեկավար Բիլ Քլինթոնը, որին պահելու համար 2012թ. ԱՄՆ գանձարանից հատկացվել է մեկ միլիոն դոլար: Նրան հետևում է Ջորջ Բուշ-ավագը՝ 850 հազար դոլար:
Ցուցակը եզրափակում է Ջիմ Քարտերը, որը նախագահի պաշտոնը լքել է 1981թ.: ԱՄՆ-ի դաշնային բյուջեն նրա վրա ծախսել է շուրջ 300 հազար դոլար:











































