Չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մարզի բնակիչ Բուդաղի նկատմամբ:
22-ամյա Բուդաղը դատապարտվել է տուգանքի իր համար ակնհայտ 16 տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար:
1996 թվականի սեպտեմբերի 9-ին ծնված աղջիկը 2012 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ ունեցել է 16-17 շաբաթական հղիություն:
Քրեական գործը հարուցվել է 2012 թվականի հոկտեմբերի 18-ին՝ հենց աղջկա հղիության վերաբերյալ նախապատրաստված նյութերով: Արդեն տասնվեցը լրացած հղի անչափահասը ճանաչվել է որպես տուժող: Հոկտեմբերի 22-ին որպես մեղադրյալ ներգրավվել է չափահաս Բուդաղը:
Վերջինիս հայտնաբերելու կամ կատարածը բացահայտելու համար մեծ ջանքեր չեն պահանջվել, քանզի տուժող ճանաչված կինը և մեղադրյալ Բուդաղը ապրել են նույն հարկի ներքո: Ու կինը իրեն Բուդաղի գործողություններից բոլորովին էլ տուժած չի համարել: Հակառակը: Եղել է մայրանալու սպասող երջանիկ կին:
Նրանք փաստական ամուսիններ են: Ամուսնացել են, Բուդաղի խոսքերով՝ «միմյանց համակրելով, ազգային սովորույթների ուժով ու ծնողների փոխադարձ համաձայնությամբ» 2012 թվականի մարտի 15-ին:
15-ամյա աղջիկը դարձել է Բուդաղի կինը իր կամքով ու ծնողների թույլտվությամբ:
Բուդաղը տեղյակ է եղել, որ սիրած աղջկա տասնվեց տարին դեռ չի բոլորել: Բայց նրա տասնվեցամյակին սպասել չի ցանկացել, իսկ աղջկան իր տուն տանելու օրվանից նրա հետ ապրել է լիարժեք ամուսնական կյանքով:
Բուդաղը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ու… անկեղծորեն զղջացել: Այս պարագայում «անկեղծորեն» ասվածը շատ հարաբերական է: «Զղջալ»-ն էլ առանձնապես ցանկալի չէ, իրականում Բուդաղը դժվար թե զղջար, որ իր տուն է տարել ու իր կինը դարձրել հենց տվյալ աղջկան: Մի քանի ամիս չհամբերելու համա՞ր էր զղջում: Լավ կաներ, իհարկե, եթե համբերեր, օրինահարգ քաղաքացու նման գոնե տասնվեց տարին բոլորած աղջկա հետ հարաբերություններ ունենար: Սակայն չհամբերելու համար էլ մարդը պատճառներ է ունեցել, անշուշտ:
Բուդաղը դատարանում խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակել, ազատազրկման չդատապարտել, իսկ տուգանք նշանակելու դեպքում տուգանքի վճարման ժամանակացույց սահմանել, որովհետև սոցիալապես անապահով է, ամբողջ գումարը միանգամից վճարել չի կարող:
Փաստորեն, «ազգային սովորություններով ու ծնողների համաձայնությամբ» ամուսնացած Բուդաղը, իր ամուսնությունը օրենքի հետ «չհամաձայնեցնելու» համար մեղադրվում էր իր իսկ փաստացի կնոջ հետ, նրա իսկ համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունենալու, նրան հղիացնելու համար: Ու դրա համար Բուդաղը նաև «անկեղծորեն զղջում էր»:
Ընդհանուր իրավասության դատարանը ակնհայտ 16 տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով մեղավոր է ճանաչել Բուդաղին ու դատապարտել… 100 հազար դրամ տուգանքի:
Դատարանը սահմանել է ժամանակացույց, ըստ որի՝ Բուդաղը պետք է ամսեամիս փոքր գումարներով վճարի սահմանված տուգանքը:
Վերջին 10 հազար դրամը նա կմուծի 2013 թվականի նոյեմբերի 28-ին: Ու կհամարվի պատիժը կրած:
Ըստ երևույթին, օրենսդրական որոշակի փոփոխություն, որոշակի զիջում է հարկավոր՝ «ազգային սովորությամբ» վաղ ամուսնացող աղջիկների չափահաս ամուսիններին քրեական պատասխանատվության չենթարկելու, գոյություն ունեցող կենսակերպը հաշվի առնելու և մարդու կենսագրությունը անտեղի դատվածություն ունենալու փաստով չծանրաբեռնելու համար:
Ըստ էության՝ մի՞թե հանցանք է կատարել այս մարդը, որ մի բան էլ՝ «անկեղծորեն զղջացել է»: Նա իրենց ազգային «ադաթով» ամուսնացել է, վատ բան չի արել: Իր նմանները, երևի, էլի եղել են, կան ու կլինեն: Մեծ մասը չեն էլ դատվել:
Նրանց սովորությամբ աղջիկները վաղ են ամուսնանում, դրանից պետության որևէ քաղաքացի, ինչպես նաև ինքը՝ պետությունը, չեն տուժում, չէ՞: Միևնույնն է, արգելող օրենքի պայմաններում էլ անթույլատրելի համարվող ամուսնությունները կայանում են:
Ազգային առանձնահատկությունները կարող են նման հարցում հաշվի առնվել, ոչ թե հակասության մեջ մտնել օրենքի հետ. ի վերջո, խոսքը գնում է ոչ թե անբարո ապրելակերպի, հակահասարակական արարքի, այլ ընտանիք կազմելու, օրինական զավակներ ունենալու և երջանիկ ընտանիքներով հասարակության հիմքը ամրապնդելու մասին:
Օրենքը կարող է բացառիկ դեպքերում թույլատրել նաև 15 տարեկան աղջկա ամուսնությունը, եթե առկա է աղջկա ու ծնողների համաձայնությունը, ինչպես նաև դրա օգտին են դարերով գոյություն ունեցող «ազգային սովորությունները»:











































