Վենեսուելայի հեռահաղորդակցական Cantv ընկերության աշխատակիցները հելիումով լի փուչիկների օգնությամբ դեպի երկինք՝ Չավեսին են ուղարկել անցած տարվա շահաբաժիններով կտրոնը:
«Մենք այս խորհրդանշական նվերը՝ 1.8 մլրդ բոլիվարյան կտրոնը, ուղարկում ենք կոմանդանտե Ուգո Չավեսին, ով հնարավոր է դարձրել, որ մեր ընկերությունն աշխատի ոչ թե արտասահմանցի կապիտալիստների, այլ վենեսուելացի ժողովրդի համար»,- նշել է նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած Նիկոլաս Մադուրոն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մադուրոն հիշեցրել է, որ նախկինում ընկերությունը պատկանել է ամերիկացիներին, և հաղորդել է, որ անցած տարի ընկերության ունեցած ռեկորդային շահույթը կուղղվի համազգային սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը, որոնց միջոցով վճարվում են թոշակները, միայնակ մայրերի նպաստները և կառուցվում են էժան կացարաններ: