Մեծ Բրիտանիայի բնակչուհին սոցցանցերում վարչապետ Դևիդ Քեմերոնի դեմ թույլ տված արտահայտությունների պատճառով կարող էր բանտում հայտնվել: Նպաստների կրճատումից մտահոգված՝ երկու երեխաների մայրը Facebook-ում գրել է, որ նման արարքի համար պատրաստ է Քեմերոնին հավկիթներով հարվածել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Ինչպես խոստովանել է 45-ամյա Դեբրա Բարթը, ինքն այդ կերպ պարզապես փորձել է արտահայտել իր մեջ կուտակված էմոցիաները: Նա ստիպված է երեխաներին խնամելու փոխարեն՝ աշխատանք փնտրել: Նրա զարմանքը շատ մեծ է եղել, երբ դուռը թակել են ոստիկանները և հայտնել, որ 4 շաբաթ փնտրել են նրան:
Տիկինն էլ ավելի է վրդովվել և ասել է, որ ոստիկանները իսկական հանցագործներին փնտրելու փոխարեն՝ ժամանակն անցկացնում են սոցցանցերում:
Թեև կինը պնդում է, որ իր արտահայտությունը անվնաս կատակ է, Քենթ կոմսության ոստիկանությունում դրան մոտեցել են ամենայն լրջությամբ:
Անցած շաբաթ տեղի է ունեցել Քենթերբերիի արքեպիսկոպոսի գահակալությունը: Արարողությանը մասնակցել է նաև վարչապետը: Իրավապահները ներդրել են բոլոր ջանքերը՝ միջոցառման ժամանակ ապահովելու համար նրա անվտանգությունը: