Կենտրոնական հարցերից մեկը, որ Վրաստանը մտադիր է բարձրացնել 2013թ. մարտի 26-27-ին Կովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևի միջազգային բանակցությունների հերթական փուլում, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմաններին մարդկանց ազատ տեղաշարժվելու հարցն է: Ինչպես հաղորդում է RBK-ն, այս մասին լրագրողներին հաղորդել է Վրաստանի ԱԳՆ-ն:
Վրաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է Ժնև, որտեղ երկու աշխատանքային խմբերի միջև կկայանա բանավեճ անվտանգության, կայունության, հումանիտար հարցերի շուրջ: Վրաստանի պատվիրակությունը գլխավորում է երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Դավիդ Զալքալիանին:
Վրաստանի ԱԳՆ-ում հավելել են, որ Թբիլիսին շահագրգռված է այնպիսի երկխոսությամբ, որն արդյունք կապահովի:
Նշենք, որ Ժնևի բանակցությունները սկսվել են 2008թ. օգոստոսի պատերազմից հետո: Դրանց մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչները:






































