Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում փոփոխություն է կատարել հանրությանը սպասարկող մի շարք երթուղայինների համարներում: Թե սրանով ինչ խնդիր է քաղաքապետարանը ցանկացել լուծել` դժվար է կռահել, սակայն ակնհայտ է, որ նոր խնդիրներ է հարուցել: Բացի այն, որ այդպես էլ չի լուծել հատկապես երեկոյան ժամերին պակասող ու գերծանրաբեռնված տրանսպորտի խնդիրը, այժմ քաղաքացիները շփոթում են երթուղայինների ներկա ու նախկին համարներն ու երթուղիները, ինչն էլ գրեթե ամենօրյա վեճերի պատճառ է դառնում:
Օրինակ` նախկին 96 համարի երթուղայինը արդեն տևական ժամանակ դարձել է 62 համարի երթուղային և Տաշիրից մինչև Մաշտոցի պողոտա երթևեկում է 62/ա-ի հետ նույն երթուղով: Այնպես որ, գրեթե ամեն օր ուղևորները ականատես են լինում, թե ինչպես են մարդիկ շփոթում համարները, սխալ տրանսպորտ նստում, ու երբ իջնում են առանց վճարելու` հիմնականում հարուցում են վարորդի վրդովմունքը:
Երբ հերթական միջադեպից հետո «Առաջին լրատվական»-ի թղթակիցը վարորդից հետաքրքրվեց, թե քաղաքապետարանում ինչ լուծում են առաջարկում, վարորդը պատասխանեց. «Ինչ լուծում, իրանք են արել, առաջ գոնե կողքը գրում, կպցում էինք 96, որ մարդիկ իմանան, հիմա դրա համար 30 հազար տուգանք են սահմանել, էլ չենք կարում գրենք»:









































