Շաբաթ օրը պատմության մեջ առաջին անգամ կայանալու է Հռոմի պապի հանդիպումը նախորդ Պապի հետ. նորընտիր Ֆրանցիսկոսը կհանդիպի «պատվավոր պապ» Բենեդիկտոս 16-րդին:
Այսպիսի բան դեռևս չի եղել Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու 2000-ամյա գոյության ընթացքում: Նույնիսկ եթե նախկինում տեղի են ունեցել դեպքեր, երբ պոնտիֆիկը հրաժարվել է սուրբ գահից (վերջինը տեղի է ունեցել 600 տարի առաջ), ապա Վատիկանի նախկին և գործող միապետների հանդիպում տեղի չի ունեցել՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ֆրանցիսկոսը գահը ստանձնելուց հետո որոշել է այցելել Բենեդիկտոս 16-րդին, որն այժմ գտնվում է Կաստել Գանդոլֆո պապական նստավայրում:
Պոնտիֆիկները միասին կճաշեն: Ուղիղ հեռարձակում չի նախատեսվում, սակայն, ամենայն հավանականությամբ, այս պատմական հանդիպման լուսանկարները կլինեն: Հավանաբար նրանց խոսակցության թեման չի հրապարակվի:
Ֆրանցիսկոսն արդեն երկու անգամ հեռախոսով շփվել է Բենեդիկտոսի հետ` ընտրվելուց անմիջապես հետո՝ մարտի 13-ին, և երդմնակալության օրը` մարտի 19-ին:








































