ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անհանգստություն է հայտնել՝ ասելով, որ քաղաքացիական պատերազմի ֆոնին Սիրիան վերածվում է «ծայրահեղականների անկլավի»:
Ինչպես ընդգծել է Օբաման՝ ծայրահեղականներին հաճախ հաջողվում է ազդեցության հասնել չկայացած պետություններում, ուստի միջազգային հանրությունը պետք է արագացնի իշխանության փոխանցումը Սիրիայում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այս հայտարարությամբ Օբաման հանդես է եկել Հորդանանում, որտեղ նա գտնվում է իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում: Օբաման հայտարարել է, որ մտադիր է հավելյալ ֆինանսական օգնություն տրամադրել Հորդանանին, որպեսզի այդ երկիրը կարողանա դիմանալ սիրիացի փախստականների հոսքին:









































