Ամերիկյան խոշորագույն մեգապոլիսի՝ Նյու Յորքի փողոցների անվտանգությունը շուտով կվերահսկեն անօդաչու թռչող սարքերը: Այս մասին վստահեցրել է քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Մեզ մոտ տեսահսկման խցիկները շատ են, անձնական տարածքը՝ քիչ»,- հայտարարել է Բլումբերգը տեղի ռադիոկայաններից մեկի եթերում՝ պատասխանելով քաղաքում անօդաչուների կողմից անվտանգության ապահովման հնարավորության մասին հարցին: Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը վտանգավոր է թվում, սակայն տարբերություն չկա՝ տեսախցիկն ամրացված է շենքի՞ն, թե՞ տեղադրված է թռչող անօդաչուում:
Նրա գնահատականով՝ արդեն 5 տարի անց Նյու Յորքը ամբողջովին կվերահսկվի տեսախցիկներով: Քաղաքապետը նշել է նաև, որ ներկայում մշակվում է համակարգչային հատուկ ծրագիր, որի օգնությամբ ոստիկանները կկարողանան դեմքերի պատկերներով պարզել անձի ինքնությունը:
Նրանց համար, ովքեր կարծում են, թե իշխանությունները փորձում են լիարժեք վերահսկողություն սահմանել բնակչության վրա, Բլումբերգը պատասխանել է. «Հարմարվե´ք, անկախ նրանից՝ դա Ձեզ դո՞ւր է գալիս,թե՞ ոչ»:










































