ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը միաձայն ընդունել է միջուկային ահաբեկչության դեմ պայքարի նոր բանաձև: Փաստթղթում մասնավորապես նշվում է, որ անհրաժեշտ է ամրապնդել իրավական հիմքը, որպեսզի ապահովվեն մեխանիզմները՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր միջուկային ահաբեկչության հետ կապված հանցագործություններ կիրականացնեն:
Փաստելով, որ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի, ինչպես նաև դրանց փոխադրման միջոցների տարածումը սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը՝ այս բանաձևով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատում է, որ դրանց տարածման կանխումը չի կարող խոչընդոտել խաղաղ նպատակների համար նախատեսված սարքերի, սարքավորումների և տեխնոլոգիաների հետ կապված միջազգային համագործակցությանը:
Բացի այդ, Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին խնդրել է ստեղծել փորձագետների խումբ, որը կհամակարգի այս բանաձևի կատարման աշխատանքները:








































