«Միկա ցեմենտ» գործարանի բանվորները դեռ չեն ստացել հոկտեմբեր ամսվա աշխատավարձի պարտքը: Հիշեցնենք, որ այսօր բանվորները բողոքի ակցիա էին կազմակերպել Հրազդան քաղաքում և պահանջում էին վճարել իրենց ամիսներով կուտակված պարտքը:
Մինչդեռ գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը նույնիսկ տեղյակ չէր, որ աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեր այն հարցից, թե ինչ իրավիճակ է և ինչու են բողոքում բանվորները, նա զարմացավ, և ինքը հետաքրքրվեց, թե որտեղ և երբ է ակցիա եղել:
Ն. Մարտիրոսյանը հայտնեց, որ միայն 1 ամիս է, որ բանվորները չեն ստացել աշխատվարձ, որը շուտով կվճարեն: «Երբ գործարանը աշխատի, կստանան: Միայն հոկտեմբերը չեն ստացել բանվորները: Ձմռանը մենք ոչ մի տարի չենք աշխատում. ցեմենտի պահանջարկ չկա, ծանր պայմաններ են, այդ պայմաններում գործարանը չի աշխատում: Արդեն 10 տարի է՝ նույն գրաֆիկով ենք աշխատում: Շուտով՝ մարտի վերջին կամ ապրիլին, գործարանը կսկսի աշխատել, և կստանան»,- վստահեցրեց տնօրենը:








































