AZE.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն մեկնաբանել է Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարի պայթեցումները:
«Պայթեցնելով էներգետիկ այդ խողովակաշարը՝ PKK-ն իրականում մարտահրավեր է նետել ու պատերազմ է սկսել ոչ միայն Թուրքիայի, այլև՝ Ադրբեջանի դեմ։ Այդ գազատարին հարվածը կարելի է գնահատել որպես հարված նաև Ադրբեջանին, որն իր գազը հասցնում է Թուրքիա, իսկ այնտեղից էլ (ծրագրել է հասցնել)՝ Եվրոպա։
PKK-ն գործնականում մոտենում է Ադրբեջանին, ահաբեկիչները նաև Թուրքիայի արևելքում՝ Կարսի, Իգդիրի նահանգներում, Նախիջևանի սահմանների մոտ, փակում են ավտոճանապարհներ, պայթեցնում են մեքենաներ, որով և սպառնալիք են ստեղծում Ադրբեջանի համար»,- ասել է նա։
Թուրքիայում էներգետիկ խողովակաշարերի անվտանգության ապահովման հետ կապված՝ Շահինօղլին հայտարարել է, որ թուրքական պետությունը ողջ ցանկության դեպքում չի կարող ապահովել դրանց անվտանգությունը, քանի որ եթե ցերեկը ժանդարմերիան կարող է հսկել քաղաքի անդորրը, ապա PKK-ի զինյալներն ակտիվանում են գիշերը, և նման պայմաններում բարդանում է ոստիկանության աշխատանքը:
«Գազատարի պայթյունը պետք է լուրջ ազդանշան լինի Թուրքիայի համար, և պաշտոնական Անկարան պետք է արմատականորեն մտահգովի այդ խողովակաշարարի անվտանգությունը մեծացնելու համար։ Ներկայումս Թուրքիան էներգետիկ նախագծերի համար միակ տարանցիկ երկիրն է, և դրա համար էլ պարտավոր է պաշտպանել իր և գործընկերների շահերը։
Գոյություն ունի «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի կամ կառուցվող «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) հանդեպ սպառնալիք։ Բոլոր գործոնները վկայում են դեպի Թուրքիա ադրբեջանական էներգակիրները հասցնելու ռիսկերի մեծացման մասին։ Դա կարող է թշնամական ուժերի ձեռքում PKK-ին վերածել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիքի։
Ահաբեկիչները, պայթեցնելով ԲԹԷ-ն, ցանկանում են հարվածել ֆինանսական համակարգին, ինչպես նաև Թուրքիայի իմիջին։ Նրանք ցանկանում են Թուրքիան ներկայացնել որպես անկայուն երկիր, որը չի կարող երաշխավորել խոշոր նախագծերի անվտանգությունը»։
Հիշեցնենք, որ PKK-ի զինյալներն օգոստոսին արդեն երկու անգամ պայթեցրել են ԲԹԷ գազատարը, որով Ադրբեջանը տարեկան 6.6 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում Թուրքիային։ Ընդ որում՝ Թուրքիան իր գազամատակարար երկրների թվում ամենաէժան գնով գազը գնում է հենց Ադրբեջանից։












































