Microsoft ընկերությունը առաջին անգամ գաղտնազերծել է աշխարհի տարբեր երկրների իրավապահ մարմինների կողմից օգտատիրական տեղեկությունների մասին հարցումների թվաքանակը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հարցված տվյալները վերաբերում են Outlook.com, SkyDrive, Xbox Live, Messenger, Skype (4713) և այլ ծառայություններին:
2012 թվականին ինտերնետ հսկան ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի և այլ պետությունների պետական կառույցներից ստացել է ավելի քան 75.3 հազար հարցում՝ պատասխանելով դրանցից 78 տոկոսին: Ամբողջությամբ օգտատիրական տվյալները բացահայտվել են միայն 2.2 տոկոս դեպքերում:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ օտարերկրյա կառույցները ընկերությանն են դիմել 59 հազար 592 անգամ: Կորպորացիան համագործացել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Բրազիլիայի, Կանադայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և այլ երկրների հետ:
Վերլուծաբանները ընկերության նման քայլը բեկումնային են համարել: Նրանց կարծիքով՝ այն կդառնա խթան այլ ընկերությունների համար՝ բացահայտելու կառավարական հարցումների մասին վիճակագրությունը:









































