Այս տարի էլ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ մանրածախ առևտրականները ետ չկանգնեցին ձուն թանկացնելու գայթակղությունից: Մայրաքաղաքի խանութներում հավկիթի միջին գինը բարձրացել է մոտ 20 դրամով և նախկին 55 դրամանոց հավկիթն այժմ վաճառվում է 75 դրամով:
«Առաջին լրատվական»-ը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ինչ է արձանագրել հանձնաժողովը, և ինչ է արվում գնային բումը զսպելու համար:
«Գնային փոփոխություններ կան, ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, ձու արտադրող ընկերությունները ծախսային հաշվետվություններ են ներկայացրել, ուսումնասիրում ենք»,- ասաց Ա. Շաբոյանը՝ նկատելով, որ գնի չհիմնավորված բարձրացումներ թույլ չեն տա:
ՏՄՊՊՀ-ն շարունակում է ամենօրյա մոնիտորինգներն այս շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտ», «ԵԹՖ», «Արաքս» և «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկաներում:
«Առաջին լրատվական»-ին «Արաքս»-ից և «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայից» հայտնեցին, որ մեծածախ վաճառքի գները չեն բարձրացել, և իրենք շարունակում են ձուն վաճառել միջինը 56 դրամով: Հարցին՝ իսկ մանրածախ ցանցում իրենց արտադրատեսականին թանկացե՞լ է, մեզ պատասխանեցին, որ արտադրողներն իրավական հիմք չունեն վաճառքի կետերին գին թելադրել, բայց դիտարկումները ցույց են տվել, որ որոշ խանութներում մանրածախի գինը չի փոխվել, իսկ որոշ խանութներում ձուն թանկ են վաճառում՝ մյուս ընկերությունների հետ համարժեք գներով:










































