Վրացագետ Ջոն Մելիքյանի գնահատմամբ, Վրաստանի իշխանությունների որոշումը` կասեցնել Վրաստանի տարածքով ռուսական ռազմական տեխնիկայի և անձնակազմի փոխադրումը արտերկրում գտնվող ռուսական ռազմաբազաներ, սպասելի էր, քանզի այն գրեթե չէր գործում 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո և այս որոշմամբ այդ իրավիճակին վերջակետ դրվեց:
Մելիքյանի կարծիքով, պատահական չէր Վրաստանի պաշտպանության նախարարի այցելությունը Հայաստան հենց այն ժամանակ, երբ կայացվեց այդ որոշումը. «Ըստ երևույթին, նախարարը Սերժ Սարգսյանի հետ խոսել էր այդ մասին և փորձել բացատրել իրավիճակը և, կարծում եմ, որ ստացավ հայկական կողմի դրական պատասխանը»:
Մելիքյանը նաև ընդգծեց, որ այժմ էլ Վրաստանում է գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև հիշեցրեց, որ ՀՀ ոստիկանության 10-ամյակին նվիրված միջոցառումներին Հայաստանում էր Վրաստանի ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարը, ով Միխեիլ Սաակաշվիլիի ամենամոտ անձնավորությունն է: Վրացագետի կարծիքով, այս ամենը չափազանց փոխկապակցված է վերջին որոշման հետ:
Ավելին, ըստ Մելիքյանի, այս հարցն անկասկած քննարկված կլինի Սաակաշվիլիի Հայաստան այցելության ժամանակ:
Ըստ Ջոն Մելիքյանի` այս իրավիճակում Ռուսաստանը և Հայաստանը պետք է փնտրեն կապի նոր ուղիներ, և դրանք կարող են լինել կամ Իրանի, կամ Թուրքիայի տարածքով անցնող ճանապարհներով:









































