Միջազգային տիեզերական կայանի նախկին հրամանատար Սունի Ուիլյամսը գաղտնազերծել է այն հարցը, որը հանգիստ չի տալիս շատերին: Սունին ցույց է տվել, թե ինչպես են տիեզերագնացները հոգում իրենց կարիքները տիեզերքում:
Անձնակազմը, որն ամիսներ շարունակ գտնվում է տիեզերքում, պետք է սովորի տիեզերական պետքարան հաճախելու յուրահատկությունները: Կապիտան Ուիլյամսը, ով տիեզերագնաց կանանցից ամենաերկարն է մնացել ուղեծրում, կայանով կատարած տեսաէքսկուրսիայի ժամանակ կիսվել է «ուղեծրային պետքարանից օգտվելու» մանրամասներով:
Այս տեսանյութում երևում է, որ պետքարանից օգտվելը նույնքան դժվար է, որքան տիեզերանավերի միացումը: Պետքարանը, ըստ նրա, երկու ֆունկցիայի համար է ծառայում, որոնցից յուրաքանչյուրի համար հատուկ տարաներ են նախատեսված: Ցույց տալով երկրորդ համարի տարան՝ նա ասել է, որ այն այնքան փոքր է, որ պետք է շատ ուղիղ նշան բռնել, որպեսզի համոզված լինես, որ նշանակետին կհասնես: Մատներով փակելով քիթը՝ նա ասում է. «Այստեղից վատ հոտ է գալիս»:
«Կա նաև զուգարանաթղթի ընտրություն. փափուկն ամերիկացիների համար է նախատեսված. կոշտը՝ ռուսների»,- շարունակում է Ուիլյամսը:
Կապիտան Ուիլյամսը պատմում է, որ եթե կարիքներ հոգալու գործընթացը դուրս է գալիս վերահսկողությունից, անձնակազմը հատուկ ձեռնոցներից և վարակազերծող անձեռոցիկներից է օգտվում: Չնայած պետքարանը ներքաշող ֆունկցիա ունի, որն օգնում է ամեն ինչ հարկավոր ուղղությամբ անել:
Իհարկե, դա այն դեպքում, երբ ՄՏԿ-ի սրահի բոլոր բարձր տեխնոլոգիական սարքերը նորմալ աշխատում են: 2009-ին կայանի ներսում, որտեղ 13 մարդ կար, խնդիր է ծագել. հիմնական զուգարանը փչացել է: Տիեզերագնացները ստիպած են եղել պաշտպանիչ հանդերձանք հագնել ու սանտեխնիկներ դառնալ: Ամբողջ օրվա աշխատանքից հետո նրանք կարողացել են վերականգնել զուգարանի աշխատանքը, բայց վերջնական կարգավորման համար ստիպված են եղել սպասել Երկից նոր մասերի առաքմանը:








































