Armlur.am-ը գրում է. «Այս տարվա մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ մոտակայքում սպանվեցին քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանը (Երրորդմասցի Լյովիկ) և նրա երկու ընկերները` Դրաստամատ Թադևոսյանը (Դերո) և Մեսրոպ Նազարյանցը (Մոսո):
Դեպքից հետո, ըստ տարածված կարծիքների, տրվեց քրեական աշխարհի հետ ինչ-որ կերպ առնչվողների «մարդաորսի» մեկնարկը:
Երրորդմասցի Լյովիկի մերձավորների մասնակցությամբ փոխհրաձգությունների, դանակահարությունների, սպանությունների մի ողջ շարք բացվեց: Ավելին, իրավապահները, պատահականության սկզբունքով, թե շատ հանկարծակի, կարողացան «բացահայտել», որ քաղաքում իրավիճակ թելադրող որոշ անձինք զինված են շրջում քաղաքում: Նրանց բերման ենթարկեցին, քրեական գործ հարուցվեց:
Իրադարձությունների նման զարգացումը շատերի համար էր անսպասելի: Անգամ կարծիքներ տարածվեցին, թե քրեական աշխարհի ներկայացուցիչներն «ինքնագլուխ»` առանց «վերևների» իմացության, ինչ-ինչ որոշումներ են կայացրել: Ու սրա արդյունքն էլ թիրախում հայտնվելը եղավ: Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ազատության դիմաց, ինչ խրատներ են հնչել մի կողմից մյուսին ուղղված, դժվար է ասել, ու սա, թերևս, մեկ այլ թեմա է: Խնդիրն այն է, որ կես տարի առաջ տեղի ունեցած դեպքը դեռևս շարունակում է հարցեր և ենթադրություններ ծնել:
Այն, որ դեպքից երկու շաբաթ անց սպանությունը կատարելու մեջ հետախուզվող եռյակը հայտնաբերվեց, ապա` կալանավորվեց, բավարար չէ գործը բացահայտված համարելու համար:
Քրեական գործը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում, իսկ կառույցը, ինչպես հայտնի է, բավականին փակ է աշխատում` ցանկացած դրվագ նախաքննական գաղտնիք համարելով: Այդուհանդերձ, հայտնի է, որ սպանության մեղադրանքով կալանավորվածներ Սարգիս Գրիգորյանը (Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստիկ) չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները` սպանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով: Ավելին, նրանք այս 6 ամիսների ընթացքում ցուցմունք չեն տվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում







































