Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Մարտակերտի շրջան: Այցի շրջանակներում պատվիրակության անդամները մասնակցել են Երևանի քաղաքապետի աջակցությամբ բարեկարգված պուրակում Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված խաչքարի բացմանը: Պատվիրակության անդամներն այցելել են նաև Մարտակերտի հ. 2 մանկապարտեզ, Շենգավիթ վարչական շրջանի կողմից ավարտական խմբի 30 երեխայի տրամադրել են դպրոցական պայուսակներ` գրենական պիտույքներով, մյուսներին` խաղալիքներ, իսկ հ. 2 դպրոցին նվիրել են «Հայաստանի ազգային ատլաս» ժողովածուն և քարտեզների հավաքածու: ԼՂՀ Մարտակերտի շրջան այցի շրջանակում երևանյան պատվիրակությունն այցելել է նաև քաղաքի բազմազավակ ընտանիքներից մեկին, ըստ անհրաժեշտության տրամադրել հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ, սպասք, գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ:
Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:













































