Երրորդ դատական նիստն է, ինչ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չի ներկայանում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Գրիգոր Ղասաբյանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար: Մեղադրողը միջնորդել է Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը՝ ստորագրություն չբացակայելու մասին, փոխել, ընտրել կալանք և հայտարարել հետախուզում:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ պաշտպան Կարապետ Գալստյանը միջնորդության ճակատագիրը թողել է դատարանի հայեցողությանը:
Դատավոր Արմեն Խաչատրյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով հրապարակեց որոշումը՝ Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Նա նաև ասել է, որ Սուրենյանցը կապվել է աշխատակազմի հետ հեռախոսով, այսինքն՝ գտնվում է հանրապետությունում: (Թե ինչպես խորհրդակցական սենյակում իմացավ դրա մասին՝ այնքան էլ հասկանալի չեղավ):
Դատական հաջորդ նիստը, եթե Սուրենյանցը հայտնաբերվի, տեղի կունենա մարտի 28-ին:











































