Լեհաստանի կառավարությունը հայտարարել է հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգի ստեղծման վրա 33.6 մլրդ եվրո ծախսելու մտադրության մասին: Defense News-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունն արել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին մի քանի օր անց այն բանից, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց ԵվրոՀՀՊ-ի տեղակայման եզրափակիչ փուլի իրականացումից: Այդ փուլը նախատեսում էր SM-3 Block հակահրթիռների տեղակայում Լեհաստանում:
«Մեր ազգային հակահրթիռային վահանը՝ մինչ 2018-ը մեր տարածքում տեղակայվելիք ամերիկյան վահանի տարրերի հետ, կդառնա ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի մաս»,- ասել է Սիկորսկին և հավելել, որ ՆԱՏՕ-ն, այնուհանդերձ, կմնա երկրի անվտանգության հիմնական երաշխավորը:
Հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգի ստեղծման ծրագիրը հաշվարկված է 10 տարվա համար:










































