«Այս ամբողջ գործընթացը կատարվում է միայն մեկ նպատակով, որ Սերժ Սարգսյանը կարողանա շրջանցել իր նախագահության երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը։ Խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ իրականում նա փորձում է կատարել իր սեփական իշխանության և նրա կողմից ղեկավարվող ՀՀԿ-ի վերարտադրման գործընթացը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է իմանա, որ որևէ կոնսենսուս այս նախագծի շուրջ գոյություն չունի։
«Երեկ ինձ զանգահարել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը՝ Վիգեն Սարգսյանը, և Սերժ Սարգսյանի անունից փոխանցել առաջարկություն, որ չորեքշաբթի, երբ ինքը սկսելու է կոնսուլտացիաների շարքը, սկսել հենց ՀԱԿ-ով։ Ես ասել եմ, որ մենք շատ լավ հասկանում ենք սահմանադրական այս ամբողջ գործընթացի նպատակը, այդ նպատակը մենք համարում ենք անընդունելի և դրա վերաբերյալ մեր դիքորոշումը հայտնել ենք, և վստահ ենք, որ որևէ խոսակցություն իմաստ չունի, քանի որ այդ նպատակը միևնույն է, չի փոխվելու»,-ասաց Լևոն Զուրաբյանը։






































