Վենետիկի հանձնաժողովի անդամները Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագիծն են քննարկում Հայաստանի խորհրդարանական կուսակցությունների հետ, իսկ երեկ նրանք հանդիպել էին Սերժ Սարգսյանին:
Վենետիկ-կուսակցություններ հանդիպումը, սակայն, վստահաբար կարելի է համարել զուտ արարողակարգ: Ըստ էության, ավելի կարևոր է Սերժ Սարգսյան-կուսակցություններ ձևաչափը: Իսկ այս ձևաչափում կարծեք թե ամեն ինչ արդեն էապես մոտեցել է որոշակիությանը, և ըստ էության ստացվել է մի իրավիճակ, երբ սահմանադրական փոփոխությունների արմատական մերժումով հանդես եկող ուժերն են միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն հայտարարել են, որ մասնակցում են գործընթացին: ՀՅԴ-ն նույնիսկ իր հաղթանակ է հռչակել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: «Օրինաց երկիրը» դեռևս վերջնական դիրքորոշում չի հայտնել, և այս իմաստով տեսականորեն բաց է մնում այն հարցը, թե արդյոք հնարավո՞ր է, որ հարթակից հայտարարություն հնչի՝ «Արթուր Բաղդասարյանն ի՞նչ պակաս Իվանիշվիլի է», այսինքն՝ ՕԵԿ-ն այլևս ՀՀԿ «կույրաղիք» չէ:
ՀԱԿ-ՕԵԿ նմանօրինակ համագործակցությունը, սակայն, միայն խիստ տեսական հեռանկար է՝ մի շարք իրողություններից և հանգամանքներից ելնելով: Անգամ ՀԱԿ-«Ժառանգություն» միասնական ֆորմատն է դեռևս ավելի շատ տեսական, քան գործնական հեռանկար է:
Ահա այս պայմաններում Վենետիկի հանձնաժողովի և կուսակցությունների հանդիպումը ըստ էության դադարում է որևէ նշանակություն ունենալուց: Վերջիվերջո, Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին իր դիրքորոշումը ձևավորելու հարցում էլ կուսակցությունների կարիք ըստ էության չունի: Զուտ մասնագիտական դաշտում դիրքորոշումը ձևավորվում է իրավաբանական, սահմանադրական կատեգորիաներով, իսկ քաղաքական մասով էլ հստակ է, որ խնդիրը դիտարկվում է երկու ուղղության վրա՝ ի՞նչ են պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու կուսակցությունները, և ին՞չ է պայմանավորվում Սերժ Սարգսյանը աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:
Այս իրավիճակում Վենետիկի գործունեությունը և հանդիպումը քաղաքական կուսակցությունների հետ ընդամենը «գալոչկայի» համար է, այսինքն՝ չէր լինի հանդիպել միայն Սերժ Սարգսյանի հետ, այդ պատճառով էլ հանդիպում են քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ էլ:
Սրա հետ մեկտեղ՝ բոլորն են հասկանում, որ այդ հանդիպումը ըստ էության ոչինչ չնշանակող և ոչինչ չորոշող հանդիպում է: Վենետիկը մեծ հաշվով ինդիկատոր է այլ պրոցեսների, որ կընթանան սահմանադրական փոփոխությունների գործընթացում: Իսկ այստեղ իրավիճակն առայժմ այնպիսին է, որ Վենետիկից ականկնալներ չեն սպասվում: Ընդհանրապես, անակնկալներ կարող են առաջ գալ միայն Սերժ Սարգսյան-աշխարհաքաղաքական կենտրոններ հարաբերությունների արդյունքում, քանի որ ներքին դաշտում կարծեք թե պատկերը բավական որոշակի է և այնպիսին, որ ֆորս-մաժորի նախադրյալներն անգամ տեսականորեն աննշմարելի են:










































