«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻ) դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` խնդրելով քննության առնել Հայաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի դրսևորած վարքագծի համապատասխանությունը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններին:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ դիմումը վերաբերում է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին որպես դիտորդ մասնակցած` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ում պրակտիկա անցնող ԱՄՆ-ի քաղաքացի Նարինե Էսմաելիի հարցաքննության ժամանակ մարտի 1-ին ՀՔԾ-ում տեղի ունեցածին, երբ նախ քննիչը, ապա նաև Անդրանիկ Միրզոյանը թույլ չեն տվել նրա փաստաբանին ձայնագրություն կատարել:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը ակնհայտ է համարում, որ Միրզոյանի վարքագիծը «բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի` ՀՔԾ-ի նկատմամբ, մասնավորապես, ընտրախախտումների գործերի օբյեկտիվ քննության և բացահայտման առումով»:
Էսմաելին, ով դիտորդական առաքելություն է իրականացրել «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անունից, որպես վկա է հանդես գալիս Արտաշատի թիվ 17/5 ընտրական տեղամասում քվեատուփի լցոնման փաստով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով:
Հիշյալ տեղամասում փետրվարի 18-ի քվեարկության արդյունքները Սահմանադրական դատարանը մարտի 14-ին հրապարակած որոշմամբ անվավեր է ճանաչել:








































