«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչները քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ինչպես «Pastinfo.am»-ին հայտնել է ԿԸՀ-ի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ԲՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 194 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Ազգային ժողովի պատգամավորներ` ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, Առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը։
Այսպիսով` այս պահի դրությամբ ԿԸՀ-ն ստացել է երեք հայտ: Մինչ այդ առաջադրվել էին ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը:
ՀՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:
ՕԵԿ-ի համամասնական ցուցակը առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:











































