Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր նախատեսվում էր ՀՀ փոխոստիկանապետի այցը Գյումրի՝ կապված Շահումյան 188 շենքի բակում ոստիկանական հենակետ տեղադրելու հարցի շուրջ բնակիչների շրջանում առաջացած դժգոհությունները քննարկելու և օպտիմալ լուծումներ գտնելու հետ:
Նման պաշտոնյայի այցը Գյումրի, բնականաբար, տեղի գործող լրագրողների ուշադրության կենտրոնում էր հայտնվել, և դեռ վաղ առավոտից լրագրողները կա՛մ քաղաքապետարանում էին, կա՛մ հենց խնդրո առարկա շենքի բակում: Չէին դադարում նաև զանգերը ոստիկանապետի խոսնակ Աշոտ Ահարոնյանին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը նշեց, որ իրենք դեռևս ինֆորմացիա չունեն փոխոստիկանապետի այցի մասին, և նույնիսկ քաղաքապետն էլ դեռ աշխատանքի չի եկել, որ կարողանան ըստ այդմ ճշտել: «Առաջին լրատվական»-ի Գյումրու լրագրողի բազմաթիվ հեռախոսազանգերին էլ պարոն Ահարոնյանը պատասխանում էր, որ հենց նորություն ունենա՝ պատշաճ կարգով կտեղեկացնի: Սակայն որքան մեծ եղավ գյումրեցիների զարմանքը, երբ րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ փոխոստիկանապետը եկել ու արդեն վերադառնում է՝ գրեթե գաղտնի պայմաններում: Ինչպես հայտնի էպոսում կասեին՝ «գող-գող եկավ, գող-գող գնաց»:
«Առաջին լրատվական»-ի Գյումրու թղթակցի հետ զրույցում պարոն Ահարոնյանը, ի զարմանս լրագրողի, նախ հայտնեց, որ այցը եղել է աշխատանքային, հետևաբար ժամանակացույցը կարող էր նաև չհրապարակվել: Եթե այդպես է, պարոն Ահարոնյան, ապա ինչո՞ւ էիք հանրայնորեն հայտարարում ԶԼՄ-ներով, որ փոխոստիկանապետը գալու է Գյումրի՝ ոստիկանապետի հանձնարարությամբ: Ահարոնյանը նշում է, որ կարևորն այն է, որ հարցին լուծում է տրվել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շենքի բնակիչները փաստեցին, որ առավոտյան ինչ-որ մարդիկ եկել են մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ ու չափումներ են արել ու ոնց որ թե որոշել են հենակետը տեղափոխ, ապա գնացել են: Սակայն խնդիրը ոչ միայն չի լուծվել ամենաօպտիմալ տարբերակով, ինչպես փորձեց մեզ ներկայացնել պարոն Ահարոնյանը, այլև ավելի է խորացվել, քանի որ այն տարածքում, ուր նախատեսվում է տեղափոխել հենակետը, կան 7 բազմամյա հաստաբուն կանաչ ծառեր, որոնք հնարավոր է՝ հատվեն: Բացի դրանից՝ բնակիչները դժգոհում են, թե ի՞նչ իմաստ ունի 11 մետր երկարությամբ հենակետ դնել հենց այդ վայրում: Բնակիչներից մեկն էլ քաղաքական ենթատեքստ տեսավ այդ քայլի մեջ, քանի որ դիմացը Ալեքսանդրապոլ հյուրանոցն է, որը պատկանում է նախկին քաղաքապետի ընտանիքին: Մի բնակչուհի էլ նշեց, որ Խաչքարերի պուրակի հանդեպ նման վերաբերմունքը քաղաքապետի կեցվածքով է պայմանավորված, քանի որ պուրակը հայտնի է նաև Վարդանի պուրակ անունով: Վերջինս իբրև ապացույց իր ասածի՝ մատնանշեց պուրակի անխնամ ու կեղտոտ շատրվանը, նույնքան անխնամ ծաղկաթմբերն ու գազոնները:
Ինչևէ, գյումրեցիները շարունակում են պնդել իրենց խնդրանքը հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ի հաշիվ պուրակի ու պուրակում գտնվող նվիրական վայրերի չկառուցել հենակետ: Միաժամանակ նաև զարմանք պիտի հայտնենք պարոն Գասպարյանին՝ փոխոստիկանապետի այցի գաղտնիացվածության առիթով՝ մեջբերելով բնակիչներից մեկի խոսքը. «Գյումրեցիներս, հո գել ու գազան չե՞նք, որ փոխոստիկանապետին գողեգող բերեցիք, գողեգող տարաք»:
Ի դեպ, պարոն Ահարոնյանը նշեց, որ հանդիպում-քննարկումը տեղի է ունեցել մարզպետարանում՝ փոխքաղաքապետի մասնակցությամբ: Քաղաքապետարանից այդ տեղեկությունը չհաստատեցին: Իսկ այն, որ փոխոստիկանապետը այցելել է մարզպետարան ու քննարկել է հարցը մարզպետի հետ, մարզպետարանից հաստատեցին, սակայն նշեցին, որ եղել է աշխատանքային փակ հանդիպում՝ 5-10 րոպե տևողությամբ:










































