Voyager-1 միջմոլորակային զոնդը, որն արձակվել էր 35 տարի առաջ, հատել է հելիոսֆերայի սահմանը և դարձել պատմության մեջ առաջին արհեստական օբյեկտը, որը լքել է Արեգակնային համակարգը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին գրում են ամերիկացի գիտնականները Geophysical Research Letters ամսագրում հրապարակված հոդվածում:
Այնուամենայնիվ, մի շարք գիտնականներ կասկածում են, որ Voyager-1-ը դուրս է եկել միջաստղային միջավայր:
Արեգակնային համակարգի սահմանը համարվում է, այսպես կոչված, հելիոսֆերան, որը լցված է արեգակնային քամով: Դրա սահմաններից այն կողմ սկսվում է միջաստղային տարածություն, որի հատկություններն արդեն կախված չեն ո՛չ մագնիսական դաշտից, ո՛չ լիցքավորված մասնիկների հոսքից:
Գիտնականների տվյալներով` 2012թ. օգոստոսի 25-ին զոնդը, որն այդ պահին գտնվել է Արևից 121.7 աստղագիտական միավոր հեռավորության վրա, «զգացել է» կտրուկ փոփոխություններ տարբեր ծագում ունեցող տիեզերական ճառագայթների հոսքում: Դրա հետ մեկտեղ գալակտիկական տիեզերական ճառագայթների ինտենսիվությունը մեծացել է երկու անգամ:
Voyager-1-ը գործարկվել է 1977թ. սեպտեմբերի 5-ին՝ Արեգակնային համակարգի եզրերն ուսումնասիրելու նախագծի շրջանակներում:










































