«Սատուրն-5» հրթիռակրի երկու F-1 շարժիչները, որով 1969թ. Լուսին էր ուղևորվել Նիլ Արմսթրոնգի «Ապոլլոն-11» տիեզերանավը, դուրս են բերվել Ատլանտյան օվկիանոսից:
Այս մասին հայտարարել է Amazon խոշորագույն օնլայն-ռիթեյլերի հիմնադիր ու գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, որն իր անձնական միջոցների հաշվին կազմակերպել էր «Ապոլլոն-11»-ի մասերն օվկիանոսից հանելու արշավախումբը՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
1 տարի առաջ Բեզոսի Blue Origin աէրոտիեզերական ընկերության աշխատակիցները հիդրոտեղորոշիչների օգնությամբ հայտնաբերել էին «Սատուրն-5»-ի բեկորները 4.3 կմ խորության վրա:
2 շարժիչները օվկիանոսի հատակից դուրս բերելու օպերացիան շարունակվել է շուրջ 3 շաբաթ ու ավարտվել մարտի 20-ին:
F-1 շարժիչները, որոնք տեղադրված են եղել «Սատուրն-5»-ի վրա, փաստացի NASA-ի սեփականությունն են, այդ իսկ պատճառով Բեզոսը այն պետք է փոխանցի տիեզերական գործակալությանը: Ներկայում արշավախմբի նավն այն տանում է Ֆլորիդա նահանգի Կանավերալ ծոցի տիեզերակայան:
Օվկիանոսում անցկացնելով ավելի քան 40 տարի՝ շարժիչները քայքայվել են, մասնավորապես՝ անհնար է դարձել տարբերակել դրանց սերիական համարանիշները:
NASA-ի մասնագետների հետ Blue Origin-ի աշխատակիցները կզբաղվեն դրանց վերականգնմամբ, ապա դրանք ի ցույց կդրվեն ԱՄՆ աէրոտիեզերական թանգարաններից մեկում:











































