«Արաբական հեղափոխությունները մեր տարածաշրջանի վրա ունեն աշխարհագրական, բարոյական և տնտեսական ազդեցություն: Երկրորդ` այս ամենից հետո Եվրոպայի համար իր կարևորությունը կորցնում է «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որի հետ մեծ հույսեր էինք կապում»,- այսօր կայացած «Արաբական հեղափոխությունները և նրանց հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանը:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) կազմակերպած քննարկման ժամանակ զեկույց ներկայացրեց նաև իրանագետ Էմմա Բեգիջանյանը: Ըստ նրա` Հարավային Կովկասում արաբական հեղափոխությունների ալիքը ամենամեծ ազդեցություն կարող է թողնել Ադրբեջանի վրա` շիական մեծ համայնք ունենալու պատճառով:
Կարապետ Ռուբինյանն առաջարկում է այս քննարկման շրջանակներում համեմատություն անցկացնել մեր և արաբ երիտասարդների միջև, թեև այդ համեմատությունը, ըստ նրա, մեր օգտին չէ: «Արաբական աշխարհի հեղափոխություններում կարևոր է նաև համացանցի դերը, որի շնորհիվ ակտիվացավ երիտասարդությունը: Հեղափոխության հիմքը միայն տնտեսական գործոնը չէր, այլ հասարակության մեջ կատարված որակական փոփոխությունները»,- ասաց Ռուբինյանը: Նա նաև անհրաժեշտ է համարումվերլուծել ԱՄՆ-ի և Եվրոպայի մտածելակերպի փոփոխությունը` հասկանալու, թե մենք ինչ օգուտ կարող ենք քաղել այդ փոփոխությունից:
ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանի խոսքով, արաբական հեղափոխությունների օրինակով են պայմանավորված հայկական ներքաղաքական վերջին իրադարձությունները, մասնավորապես իշխանական կուսակցությունների միացումը և ընդդիմության ու իշխանության հնարավոր համագործակության հեռանկարը:
ՌԱՀՀԿ հաջորդ սեմինար-քննարկումը նվիրված է լինելու ներքաղաքական զարգացումների վերլուծությանը:









































