RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ամենաքիչը 31 ոստիկան է տուժել գերմանական Սաքսոնիայում ներգաղթյալների դեմ ցույցի ժամանակ, իսկ նրանցից մեկը ստացել է ծանր վնասվածք, հայտնում է Դրեզդենի ոստիկանությունը:
Ցույցերը տեղի են ունեցել Հայդենաու քաղաքում ուրբաթ երեկոյան, որին մասնակցել են մոտ 1000 մարդ, այդ թվում՝ կանայք փոքր երեխաների հետ: Ցույցին մասնակցել են նաև Գերմանիայի ազգային դեմոկրատական կուսակցության կողմնակիցները: Համաձայն պարբերականի՝ նրանցից ոմանք երգել են նացիստական հիմներ:
Ցույցի պատճառը եղել է փախստականներին ժամանակավորապես 2013 թվականից չգործող Դրեզդենի շուկայի շենքերում տեղավորելու որոշումը:
Ցույցի վայր են ժամանել ոստիկանության 136 սպա, ովքեր ստիպված օգտագործել են արցունքաբեր գազ, երբ ցույցի մասնակիցները սկսել են նրանց վրա նետել քարեր, շշեր և այլ առարկաներ:










































