«Հակակրիմինալ» կազմակերպությունն օրեր առաջ հրապարակեց Հայաստանում կոռումպացված չինովնիկների ցուցակի առաջին համարի անունը: Ինչպես հայտնի է, ցուցակը գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կազմակերպության հետագա անելիքների և ցուցակի մյուս անուններին տեղեկանալու համար «Առաջին լրատվական»-ը զրուցեց կազմակերպության ղեկավար, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի հետ:
– Պարոն Մարգարյան, ի՞նչ նպատակ է հետապնդում կազմակերպության ստեղծումը, և որոնք են ձեր հետագա անելիքները:
– Մենք Հայաստանում գտնվող 20-ից ավել երկրների դեսպաններին նամակ ենք գրել այն մասին, որ Հայաստանի նախկին կամ ներկայիս չինովնիկներն իրենց ժողովրդից թալանված գումարները պահում են իրենց երկրներում, իրենց բանկերում: Այդ երկրները պետք է արգելեն չինովնիկներին իրենց երկիր մուտք ու ելքը, թալանված գումարները պետք է վերադարձվեն հայ ժողովրդին, Հայաստանին: Նամակ գրել ենք նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ակնկալելով աջակցություն, որպեսզի մեր երկրից, մեր ժողովրդից թալանված՝ դրսի բանկերում, տարբեր կառույցներում, ստրուկտուրաներում պահվող գումարները ետ վերադարձվեն ժողովրդին:
Ինչ վերաբերում է այդ մարդկանց ցուցակին, ապա ինչպես ավելի վաղ նշել եմ, այն պետք է գլխավորի Ռոբերտ Քոչարյանը, հաջորդիվ՝ նախկին և ներկայիս երկու տասնյակ չինովնիկներ, ովքեր մեր ազգի, մեր ժողովրդի վրա կուտակել են 4 միլիարդ արտաքին պարտք, 2 միլիարդից ավել միջազգային պարտք, ժողովրդին օտարել են սեփական երկրից:
Հիմա մենք այդ աշխատանքը ծավալել ենք, շարունակում ենք 14 միջազգային կառույցների հետ՝ ԱՊՀ մի քանի պետությունների հետ, եվրոպական կառույցների հետ: Մայիսի 14-ին համագումար է տեղի ունենալու։ Մեզ նույնպես, որպես լիարժեք անդամի, հրավիրել են մասնակցելու: Այս բոլոր գործողություններն ուղղված են նրան, որ Հայաստանում ոչ թե գնան համապետական կամ Երևանի ընտրություններին, այլ նախ և առաջ վերացնեն կոռուպցիան։ Ահա, այս է մեր երկրի վիճակը, և ես գտնում եմ, որ պետք է լայն ճակատով պայքար տարվի:
– Ինչու՞ որոշվեց, որ ցուցակը պետք է գլխավորի հենց Ռոբերտ Քոչարյանը:
– Առաջին՝ երբ նա 1998-ին նախագահի պաշտոնը բռնազավթեց և թույլ չտվեց, որ ընտրված նախագահ, լուսահոգի Կարեն Դեմիրճյանը դառնա Հայաստանի Հանրապետության նախագահ, վերացրեց պետական հիմնարկ-ձեռնարկությունները, ֆաբրիկաները. այդ բոլորը իրենց միջամտությամբ, իր տեղեկությամբ վերածվեցին առանձին անհատների և առանձին չինովնիկների սեփականության, սա լրջագույն ծանր հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ:
Երկրորդ՝ Մեղրին Լաչինի փոխարեն հանձնելուն նա արդեն պատրաստ էր, պատրաստ էր ստորագրել, դա պետք է տեղի ունենար, բայց ժողովրդի ցասումի հետևանքով թույլ չտվեցինք, որ դա իրականություն դառնա: Իսկ դա, եթե ես կոպիտ ասեմ, Հայաստանի վերջը կլիներ, որովհետև վերջին թթվածինը, որ ստանում էինք Իրանից, Միջկասպյան պետություններից, փակվելու էր, Հայաստանի միակ տնտեսական-քաղաքական ճանապարհը փակվելու էր, էլ չեմ ասում ռազմավարական խնդիրների մասին: Նա է, որ դրա սկիզբը դրել էր և իրագործելու էր։ Այսպես կարող եմ տասնյակ այլ հիմնավորումներ բերել:
Եվ ամենաէլեմենտար, պրիմիտիվն այն է, որ նա եկել է ընդամենը որպես վարչապետ՝ միգուցե մի շատ հասարակ կոստյումով, իսկ հիմա միլիարդների տեր է՝ սկսած դրսի հարստություններից՝ անշարժ գույքերից, հանքեր, ֆաբրիկաներ… Իսկ վերջերս գերմանական ամսագրերից մեկում հրապարակվեց, որ Ռոբերտ Քոչարյանի տղան ունի 5 միլիարդից ավել հարստություն, հասկանու՞մ եք՝ դա հայ ժողովրդից թալանված հարստությունն է, և վաղ թե ուշ պետք է դրա համար պատասխան տան:
– Բացի Ռոբերտ Քոչարյանից, այլ մարդկանց անուններ կասե՞ք՝ նրանց, ովքեր տեղ են գտել այդ ցուցակում:
– Շուտով մեր կայքում կամ մամուլի ասուլիսի ընթացքում կհրապարակենք այն, ինչ որ ասել ենք՝ երկու տասնյակ այդքան էլ կլինի: Մենք նպատակ չունենք որևէ մեկին հատուկ վարկաբեկելու, կոռուպցիան հազարամյակների պատմություն ունի, հիմա մենք մեր պետությունը վտանգի առաջ ենք դրել:
– Այդուհանդերձ, հնարավո՞ր է խորհրդարանի անդամներից ոմանք տեղ գտնեն ցուցակում:
– Իհարկե՝ հնարավոր է:
– Պարոն Մարգարյան, բավականին պատասխանատու նախաձեռնություն եք սկսել, մտավախություն չունե՞ք, որ հաշվեհարդար կտեսնեն Ձեզ հետ: Կարծիքներ են հնչում, որ Ռոբերտ Քոչարյանը զենքի միջոցով է հաշվեհարդար տեսնում:
– Ի՞նչ մտավախության մասին է խոսքը, ես 20 տարի է պայքարում եմ, քաղաքական դաշտում եմ, 2 անգամ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եմ կալանքների ենթարկվել, մեկ անգամ` Լևոն Տեր-Պետրոսյանի, մեր կառույցի շուրջ 300-ից ավել անդամներ ենթարկվել են բռնությունների, կալանքների, հալածանքների:Երբ երկիրը կործանվում է, ի՞նչ մտավախության մասին է խոսքը։ Հարցը սխալ մարդու եք ուղղում, թող թալանչիները վախենան:
– Ասացիք Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հալածվել եք, այդ դեպքում ինչու՞ 2008 թ. միացաք նրան:
– Մենք Լևոն Տեր-Պետրոսյանին չենք միացել, մեր քաղխորհուրդը երկարատև ամիսների քննարկման արդյունքում եկել է այն եզրահանգման, որ ընդդիմադիր դաշտ է ձևավորվում, որը գնում է համակարգային փոփոխության՝ դրա համար մտել ենք Կոնգրեսի կազմի մեջ։ Մենք երբևիցե Լևոն Տեր-Պետրոսյանին չենք միացել, մենք անձին միավորվելու խնդիր չունենք:
Այո, 1995 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք «Սպայի պատիվ» կառույցի գնդապետները հալածվեցին ՀՀՇ կոչեցյալի շնորհիվ:
– Հույս ունե՞ք, որ այս նախաձեռնությունը որևէ տեսական արդյունք կգրանցի:
– Այո՛, որովհետև ես այստեղ ուղղակի կապ եմ տեսնում. վերջին նախագահական ընտրություններում ժողովուրդը ձայն տվեց ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Երբ խոսքը գնում է թալանված լինելու մասին, գողացվածը վերադարձնելու մասին, ժողովուրդը բարձրաձայնում է իր մտահոգությունը և միանում է:
– Իսկ հնարավո՞ր է այլ քաղաքական ուժեր ձեզ աջակցեն:
– Դա իրենց խնդիրն է։ Եթե մտածում են կամ տրամադրված են կոռուպցիայի դեմ պայքարել՝ մեր դռները բաց են:
2006-ին «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը նախաձեռնել էր այդպիսի գործընթաց, 11-12 կուսակցություններ եկան միացան, նույն՝ կոռուպցիան արմատախիլ անելու հարցի շուրջ, հետո տարբեր պատճառներով լքեցին, իշխանության հետ գնացին երկխոսության, պատառներ ստացան, «Հայրենիք և պատիվը» մենակ մնաց։ Մենք հիմա մենակ տանելու ենք այդ գործընթացն առաջ: Արդեն կա եվրոպական 15 կառույցների աջակցությունը, ամեն ինչ կհաջողվի:








































