Հայտնի հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը կարող է դառնալ Եվրամիության նախագահ:
Այս մասին այսօր գրել է Newsweek ամսագիրը:
Լրատվամիջոցի տվյալներով, թեպետ Շվարցենեգերը դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը լքելուց հետո, սակայն նրա խորհրդականները նրան առաջարկել են վերադառնալ Եվրոպա և պայքարել ԵՄ նախագահի պաշտոնի համար:
Նրա խորհրդական Թերրի Թամինենն ասում է, որ եվրոպական երկրները մեծ դժվարություն կունենան Ավստրիայում ծնված Շվարցենեգերին արժանի մրցակից գտնելու հարցում:
«Ֆրանսիացիները չեն ցանկանա, որպեսզի նախագահ դառնա գերմանացին, գերմանացիները դեմ կլինեն իտալացուն: Բայց ի՞նչ կասեն նրանք մի մարդու մասին, որը ծնվել է Եվրոպայում, հաջողությունների հասել ԱՄՆ-ում, սակայն կարող է վերադառնալ, որպեսզի միավորված Եվրոպայի համար դառնա Ջորջ Վաշինգտոն և Թոմաս Ջեֆերսոն»:








































