Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Հայաստանյան բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ ապրիլի 1-ից Երևանի և ՀՀ մարզերի մի շարք դպրոցներում սկսեց իրագործել «Աջակցություն ընտանիքներին» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել Եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգևոր, ազգային, բարոյական արժեքների պահպանմանը, ապահովել դպրոցներում ստացվող հոգևոր կրթության շարունակականությունն ընտանիքում:
Ծրագրի շրջանակներում Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար դպրոցներում կազմակերպվում են համայնքների հոգևոր հայրերի հանդիպումներ ծնողների հետ: Պարբերական հանդիպումների ընթացքում հոգևոր հայրերը վերլուծում են ընտանեկան տարաբնույթ հիմնախնդիրներ Հայ Եկեղեցու արժեհամակարգի համատեքստում, պատասխանում ծնողներին հուզող հարցերի: Որպես օժանդակ նյութ` դպրոցներին և ծնողներին տրամադրվում է այս առիթով հրատարակված «Քրիստոնեական ժամանակակից ընտանիքն իբրև հասարակության հենք» գրքույկը:
Ծրագրի առաջին փուլը կավարտվի մայիս ամսին, իսկ երկրորդ փուլը նախատեսվում է շարունակել 2011-2012 ուսումնական տարում:








































